Բելգրադում եզրագծին է մոտենում բռնցքամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Այսօր հայտնի կդառնան մրցաշարի մեդալակիրները: Հուսանք, որ նրանց թվում կլինեն ասպարեզում մնացած Հայաստանը ներկայացնող երկու գյումրեցիները՝ Հովհաննես Բաչկովը / 63 , 5 կգ / և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: Նրանք հերթական փուլում կրկին հաղթանակ տարան, մտան քառորդ եզրափակիչ և այսօր իրենց ունակությունները կդրսևորեն կիսաեզրափակիչ մտնելու ու մեդալակիր դառնալու համար:
Ցերեկային մրցահերթում Դավիթը կմրցի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ: Նրանք միմյանց մարտաոճին լավատեղյակ են: Վերջերս ՝ սեպտեմբերին են մրցել Մոսկվայում անցկացված բանակային մարզիկների աշխարհի առաջնությունում: Այն ժամանակ առավելության հասավ մրցակիցը և գյումրեցին բավարարվեց <<բրոնզով>>:
Նույն մրցակիցների միջև ժամեր հետո կայանալիք մենամարտում հոգեբանական առավելություն կունենա ուզբեկը: Թեև չի բացառվում, որ նրա համար նույնպես տեսանելի է Դավթի վարպետության աճը իրար հաջորդած հաղթական մենամարտերում: Հավատանք , որ պատվասեր գյումրեցին այսօր վրեժխնդիր կլինի,կհաղթի Մուլուջոնովին, կմտնի կիսաեզրափակիչ և իր համար կապահովի առնվազն բրոնզե պարգև:
Երեկոյան մրցահերթում Բաչկովը կհանդիպի թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի հետ: Հայ վարպետը նրան հաղթել է երկու տարի առաջ՝ կրկին աշխարհի առաջնությունում: Վստահ լինենք, որ օլիմպիական խաղերի գյումրեցի մեդալակիրը հավատարիմ կմնա իր կոչմանը և հաղթանակով կհաստատի իր բարձր կարգը: